Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)-ի քարտուղարությունում կայացել է աշխատանքային հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Սամատ Օրդաբաևի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Կախա Իմնաձեի միջև։
Քննարկման ընթացքում կողմերը արձանագրել են ՀԱՊԿ քարտուղարության և Կենտրոնական Ասիայի համար ՄԱԿ-ի կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ համապատասխան կառույցների միջև կապերի դինամիկ զարգացումը։
Միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ գնահատականների փոխանակման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին։
Ընդգծվել է «աֆղանական գործոնի» ազդեցության մշտադիտարկման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շուրջ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության համար ռիսկերին ու սպառնալիքներին հակազդելու կանխարգելիչ միջոցառումների նշանակությունը։
Կողմերը հատուկ ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարության և Կենտրոնական Ասիայի համար ՄԱԿ-ի կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչների միջև տեղեկատվական-կանխատեսողական և տեղեկատվական-վերլուծական ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։









