Foto

Ինչպես է Էրդողանը փորձում լեգիտիմացնել ուժի կիրառմամբ ձևավորված ստատուս-քվոն Հարավային Կովկասում՝ դիրքավորվելով՝ որպես «խաղաղարար» տերություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ողջունել է Հարավային Կովկասում, այսպես կոչված, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և միջազգային հանրությանը կոչ արել այդ գործընթացները դիտարկել՝ որպես օրինակելի մոդել: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի մասնակիցների առջև իր ելույթում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ Թուրքիայի ղեկավարը նշել է. «Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում խաղաղ ապագայի կառուցման, կայունության և բարօրության հաստատմանն ուղղված քայլերը և հույս ունենք, որ այս գործընթացն օրինակելի կլինի ողջ աշխարհի համար»: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ստամբուլում հավաքված շուրջ 155 երկրների ներկայացուցիչներին: Նրա խոսքով՝ Միջխորհրդարանական միությունն արդեն 137 տարի է, ինչ առանցքային դերակատարություն ունի և իր նշանակալի ավանդն է ներդնում խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում՝ առաջնորդվելով «Ժողովրդավարություն՝ բոլորի համար» կարգախոսով:

«Ես բարձր եմ գնահատում Միջխորհրդարանական միության առաքելությունը, որն ուղղված է երկխոսության և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև խաղաղության ու արդարության հաստատմանը միտված նախաձեռնությունների խթանմանը»,- շեշտել է Էրդողանը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգում առկա ճգնաժամը. «Միջազգային այն համակարգը, որը ձևավորվել էր 80 տարի առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող պետությունների կողմից, այսօր կանգնած է լեգիտիմության լուրջ խնդրի առաջ: Այս համակարգի հիմքում ընկած արժեքներն ու սկզբունքները հետզհետե կորցնում են իրենց իմաստն ու ուժը»:

Թուրքիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ միջազգային իրավունքի պարտադիր նորմերը դառնում են անարդյունավետ, իսկ աշխարհում օրեցօր ավելանում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունները: «Այնտեղ, որտեղ բացակայում է ողջախոհությունը, կաթվածահար են երկխոսության մեխանիզմները, իսկ դիվանագիտությունն ու բանակցությունները փոխարինվում են զենքով, ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ»,- հավելել է նա: Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը հակամարտությունների խաղաղ կարգավորումն է՝ անկախ դրանց աշխարհագրությունից: «Ակնհայտ է, որ խաղաղության և անվտանգության հաստատման որևէ մոդել չի կարող արդյունավետ լինել, եթե դրանում տարածաշրջանի երկրները հանդես չեն գալիս՝ որպես հիմնական դերակատարներ»,- եզրափակել է Էրդողանը:

Նրա հնչեցրած հայտարարությունները կարելի է որակել՝ որպես տարածաշրջանային «սեփականատիրության» բացահայտ հռչակում։ Ողջունելով Հարավային Կովկասում ընթացող, այսպես կոչված, կայունացման գործընթացները՝ Թուրքիայի նախագահը փորձում է լեգիտիմացնել Անկարայի ռազմական դերակատարումը տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության մեջ։ Ըստ էության, սա ռեգիոնալ հեգեմոնիայի հռչակում է, որտեղ Թուրքիան ստանձնում է խաղաղության պայմանները թելադրողի և դրանց իրագործումը վերահսկողի մենաշնորհը՝ միաժամանակ արդարացնելով Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը և աջակցությունն Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում։

Այս ելույթի առանցքային քաղաքագիտական թեզն արտատարածաշրջանային դերակատարների բացառումն է՝ ուշագրավ նրբերանգներով։ Պնդելով, որ որևէ մոդել չի կարող կենսունակ լինել առանց տարածաշրջանային երկրների հիմնական դերակատարության, Էրդողանը հստակեցնում է, որ Կովկասի ապագան պետք է կառուցվի բացառապես «տեղում»՝ Թուրքիա-Իրան-Ռուսաստան ուժային եռանկյունու և տեղական դերակատարների փոխհամաձայնությամբ։ Սա ուղղակի մարտահրավեր է եվրոպական և միջազգային ինստիտուցիոնալ ձևաչափերին, որոնց Անկարան փորձում է դուրս մղել տարածաշրջանային օրակարգից։

Սակայն այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի ԱՄՆ-ի դերակատարումը։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Վաշինգտոնի ակտիվ միջնորդությունը Թուրքիայի համար խնդրահարույց չէ, քանի որ ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում հաճախ համընկնում է թուրքական աշխարհաքաղաքական շահերին։

Անկարայի վստահությունը բխում է այն իրողությունից, որ ամերիկյան միջնորդությունը, ուղղված լինելով ռուսական, իրանական ազդեցության թուլացմանն ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ստեղծում է բարենպաստ պայմաններ թուրքական էքսպանսիայի համար։ Եվ ստացվում է մի իրավիճակ, երբ արտաքին միջնորդը փաստացի սպասարկում է թուրքական աշխարհաքաղաքական առանցքի ամրապնդումը, ինչը լրջագույն հակասություն է առաջացնում Էրդողանի պաշտոնական հռետորաբանության և իրական քաղաքականության միջև։

Միջազգային հարաբերությունների համակարգի «լեգիտիմության ճգնաժամի» մասին Էրդողանի պնդումը ծառայում է որպես հիմնավորում ուժային քաղաքականության համար։ Հայտարարելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված հին աշխարհակարգը կորցրել է իր վավերականությունը, Էրդողանը փորձում է լեգիտիմացնել ուժի կիրառմամբ ձևավորված նոր ստատուս-քվոն։ Կովկասյան գործընթացները որպես «համաշխարհային օրինակ» մատուցելով՝ նա արձանագրում է թուրքական գերիշխանությունը՝ որպես կայացած փաստ, Անկարան ներկայացնելով՝ որպես անվտանգության միակ այլընտրանքային երաշխավոր՝ ի հակակշիռ «կաթվածահար եղած» գլոբալ մեխանիզմների։

Այսպիսով, Էրդողանի հռետորաբանությունը վերահաստատում է այն իրողությունը, որ ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ միջազգային իրավունքի կանոնակարգված դարաշրջանին փոխարինելու է եկել «տոտալ պրագմատիզմի» շրջափուլը։ Հստակ և համընդհանուր խաղի կանոնների բացակայության պայմաններում պետություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահերի առավելագույն առաջմղմամբ՝ դիվանագիտական հայտարարություններն օգտագործելով որպես ուժային վերադասավորումները քողարկող վարագույր։ Վերջնարդյունքում, Թուրքիայի նախագահի կոչերը պետք է ընկալել ոչ թե՝ որպես համագործակցության հրավեր, այլ՝ որպես նոր աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի արձանագրում։ Հարավային Կովկասի «խաղաղության մոդելը», որն այդքան ջանասիրաբար գովազդում է Անկարան, իրականում արտացոլում է նորագույն աշխարհակարգի էությունը, որտեղ խաղաղությունը ոչ թե իրավունքի արդյունք է, այլ ուժի գործադրման և շահերի կոշտ հաշվարկի հետևանք։