Foto

Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին. Ֆիցո

Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ եվրոպական նոր պատժամիջոցներին, քանի դեռ Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղը չի գործարկվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Այժմ սեղանի վրա է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Մենք ասում ենք` հավանություն չենք տա դրան, մինչև «Դրուժբա» նավթատարը չբացվի, քանի որ ոչ մի տրամաբանություն չենք տեսնում Ուկրաինային օգնելու հարցում, երբ դա վնաս է հասցնում մեզ», – ասել է Ֆիցոն մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է սլովակյան TA3 հեռուստաալիքը:

Հունգարիան և Սլովակիան դեմ էին արտահայտվում Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրմանը և հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմանը, քանի որ Ուկրաինան դադարեցրել էր «Դրուժբա»-ով ռուսական նավթի մատակարարումները։ Ուկրաինան հայտնել է, որ նավթամուղը վնասվել է ռուսական հարվածների պատճառով։ Երկրի նախագահ Վոլոդիմի Զելենսկին խոստացել է մինչև ապրիլի վերջը վերսկսել ռուսական նավթի մատակարարումները։