ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
«ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:
Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց Եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին:
Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի։
Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը»։









