Ապրիլի 23-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, Շվեդիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հետ համատեղ Հայաստանի դեսպանությունը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում են դեսպանությունից։
Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։
Հնչեց հայկական երաժշտություն և ցուցադրվեց «Փրկության քարտեզը» վավերագրական ֆիլմը։ Ելույթներով հանդես եկան դեսպան Աննա Աղաջանյանը, Ռիկսդագի պատգամավորներ Բյորն Սյոդերը և Արին Կարապետը՝ անդրադառնալով ապագա ոճրագործությունների կանխարգելման մեր համատեղ պատասխանատվությանը։
Դեսպան Աղաջանյանն իր խոսքում ընդգծեց Հայաստանի հանձնառությունը ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը։
Միջոցառման շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց նաև Շվեդիայից և Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներից Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերած միսիոներների հիշատակին՝ ընդգծելով, որ նրանց մարդասիրական գործունեության ժառանգությունը մինչ օրս շարունակում է ներշնչել մեզ։