Foto

«Բագրատաշեն» սահմանային անցակետում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Հրդեհի բռնկում, քաղաքացիների ու աշխատակիցների տարհանում, ամոնիակի արտահոսք. այս ամենն ուսումնավարժանքի սցենարն է եղել, որն անցկացվել է ՊԵԿ «Բագրատաշեն» սահմանային անցման կետում: «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու  իրականացումը սահմանային անցակետում» թեմայով  ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք է կազմակերպվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՆԳՆ փրկարար ծառայության, ինչպես նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության և հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային անցակետի անձնակազմի ներկայացուցիչները, որոնք ներգրավված են  եղել կազմակերպչական աշխատանքներում, մյուս գերատեսչությունների գործընկերների հետ, ամեն բան արել են, որ ուսումնավարժանքն իր նպատակին ծառայի: Իսկ նպատակը` կատարելագործել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցությունը և գնահատել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի պատրաստվածության մակարդակը։

Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և մաքսային ստորաբաժանումների ղեկավարները։ Ուսումնավարժանքը կազմակերպիչները դրական են գնահատել` շեշտելով, որ արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքն ու համակարգված աշխատանքը վճռորոշ են մարդկային կյանքեր փրկելու գործում: